չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Լոնդոնում մեկնարկել են Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների բանակցությունները

Լոնդոնում մեկնարկել են Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների բանակցությունները

Լոնդոնում մեկնարկել է Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին հայտնում է RBK Ukraine պարբերականը։ 

Լոնդոն ժամանած պատվիրակության կազմում են Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

Ուկրաինայի ներկայացուցիչները բանակցություններ կվարեն Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմիի և պաշտպանության նախարար Ջոն Հիլիի հետ։

«Մենք երախտապարտ ենք Մեծ Բրիտանիային իր առաջնորդության ու աջակցության համար, մենք կքննարկենք Ուկրաինան ամրապնդելու և երկարաժամկետ խաղաղությունն ու անվտանգությունը երաշխավորելու ուղիները», - նշել է արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։

Ապրիլի 23-ին Լոնդոնում պետք է կայանար Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Այդ հանդիպմանն ԱՄՆ-ն պետք է ներկայացներ յոթ կետից բաղկացած կարգավորման ծրագիր, որը ներառում է ԱՄՆ-ի կողմից Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչումը։ Սակայն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մերժել է առաջարկը, ինչի պատճառով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չեղարկել է իր ուղևորությունը Մեծ Բրիտանիա։

Արդյունքում հանդիպումը պետք է կայանա ոչ թե արտգործնախարարների, այլ հինգ երկրների այլ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով։

 

  • Կիսվել: