հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Լիտվայի ղեկավարությունը բացել է օդային տարածքը՝ ռուսական տարածքին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի համար. Բելառուսի ԱԽ պետքարտուղար

Լիտվայի ղեկավարությունը բացել է օդային տարածքը՝ ռուսական տարածքին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի համար. Բելառուսի ԱԽ պետքարտուղար

Լիտվայի ղեկավարությունը բացել է օդային տարածքը՝ ռուսական տարածքին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի համար: Այս մասին «Առաջին լրատվական» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Նա, մասնավորապես, նշել է. «Նրանք (Լիտվայի ղեկավարությունը- խմբ.) բացել են օդային տարածքը Ռուսաստանի Դաշնության տարածքին Ուկրաինայի հարվածների համար։ Իրենք թույլատրել են անօդաչու թռչող սարքերի թռիչքը, բայց հիմա մեղադրում են Ռուսաստանի Դաշնությանը, Բելառուսի Հանրապետությանը, թե մեր կողմից նրանց նկատմամբ սպառնալիք կա։ Բայց անօդաչուները թռչում են, չգիտես ինչու, Ուկրաինայի կողմից»:

Ըստ պետքարտուղարի՝ Լիտվան, որպես Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, տեսականորեն պետք է ունենա համակողմանի պաշտպանվածություն, բայց դա չի փրկում այդ երկրին իր տարածք մտնող անօդաչու թռչող սարքերից:

Պաշտոնյան հավելել է, որ Լիտվայի ղեկավարները, վախեցնելով իրենց ժողովրդին, իրենք թաքնվում են նկուղներում՝ «այսպես կոչված, ռմբապաստարաններում»։ «Տեսեք, թե ինչ գոհ ու երջանիկ դեմքեր կան այն լուսանկարներում, որոնք իրենք են հրապարակում։ Դա փիառ է, խելահեղություն»,-նշել է նա:

Վոլֆովիչը նաև ասել է, որ Բելառուսը միտված է բարիդրացիությանը, խաղաղ գոյակցությանը և բոլոր հակամարտությունների կարգավորմանը:

«Մենք ոչ մեկի հետ հակամարտության մեջ չենք, չենք էլ պատրաստվում: Բալթյան պետությունների, Լեհաստանի քաղաքական ղեկավարության գործողությունները պարզապես որոշակի տարակուսանք են առաջացնում։ Նրանց գործողություններն իրենց օգտին չեն խոսում»,-եզրափակել է քաղաքական գործիչը:

  • Կիսվել: