ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լիբանանի խորհրդարանական ընտրություններին հայկական քաղաքական ուժերը ևս առաջադրել են իրենց թեկնածուներին

Լիբանանի խորհրդարանական ընտրություններին հայկական քաղաքական ուժերը ևս առաջադրել են իրենց թեկնածուներին

Լիբանանում մայիսի 15-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին տեղի հայկական քաղաքական կուսակցությունները ևս մասնակցում են՝ իրենց թեկնածուներով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
 
«Հայկական քաղաքական կուսակցությունները Լիբանանի այլ քաղաքական ուժերի հետ առանձին կազմել են դաշինք ու մասնակցություն ունեցել ցուցակները կազմելու գործում: Դաշնակցությունը ներկայացրել է 5 թեկնածու, Հնչակյան կուսակցությունը՝ 1 թեկնածու: Հայկական քաղաքական կուսակցություններից զատ  կան նաև հայեր, որոնք անհատապես մասնակցում են ընտրություններին քաղաքացիական շարժումների ցուցակներով: Կարծում եմ, որ ընտրության լայն հնարավորություն կա»,-ասաց Շահան Գանտահարյանը:
 
Նրա խոսքով՝ գործող օրենսդրությունն ունի ինչպես համամասնական, վարկանիշային, այնպես էլ համայնքային բաղադրիչ: Շահան Գանտահարյանը նկատեց, որ բարդ, խճճված մոտեցում է, ինչը ժողովրդավարական առումով այդքան էլ ճիշտ չի ապահովում ժողովրդի ներկայությունը:
 
«Ընտրություններն անցկացվում են երկրի համար ծանր ֆինանսական, տնտեսական վիճակում: Սկզբնական շրջանում սպասումներն այնպիսին էին, որ քաղաքացիների մասնակցության տոկոսը բարձր չի լինելու: Թեպետ, ընտրական պայքարի թեժացմանը զուգահեռ նկատում ենք հասարակության շրջանում հետաքրքրության աճ: Կան դիտարկումներ, որ հնարավոր է, ամեն դեպքում, ակտիվ մասնակցություն լինի»,-ասաց Շահան Գանտահարյանը:
 
2022-ի մայիսի 15-ին Լիբանանում խորհրդարանական ընտրություններ են: Ընտրությունները սկսվում են տեղական ժամը 7:00-ին և ավարտվում է երեկոյան 19:00-ին:

  • Կիսվել: