ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԼՂ-ում պետք է ունենալ ավելի անկախ միջազգային դիտորդական առաքելություն. Պետդեպը՝ ՄԱԿ-ի մասին

ԼՂ-ում պետք է ունենալ ավելի անկախ միջազգային դիտորդական առաքելություն. Պետդեպը՝ ՄԱԿ-ի մասին

ԱՄՆ պետքարտուղարության մամլո փոխխոսնակ Վեդանթ Փաթելը ԱՄՆ պետքարտուղարրությունում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է շփումները Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակներում՝ արժանապատիվ և տեւական խաղաղության հասնելու համար: 

«Այս վերջին շաբաթվա ընթացքում և դրանից հետո մենք կրկնում ենք Լեռնային Ղարաբաղում ավելի երկարաժամկետ, անկախ միջազգային դիտորդական առաքելություն ունենալու մեր կոչը՝ ապահովելու համար թափանցիկություն և վստահ լինելու համար, որ էթնիկ հայերի իրավունքները և անվտանգությունը կպաշտպանվի, մասնավորապես, նրանց, ովքեր կարող են վերադառնալ, ինչպես նաև [կպահպանվի] մշակութային ժառանգության օբյեկտները, ինչը, իհարկե, համահունչ է Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին և նրանց ստանձնած միջազգային պարտավորություններին:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Վեդանթ Փաթելը հավելել է, որ ռուսական ռազմական ներկայությունը Արցախում շարունակում է մտահոգիչ լինել, սակայն Միացյալ Նահանգները կշարունակի ներգրավված մնալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ, որպեսզի հնարավոր դառնա հասնել արժանապատիվ և տեւական խաղաղությանը:

Անդրադառանալով վերջերս ՄԱԿ-ի դիտորդական առաքելության այցին Արցախ և ՄԱԿ-ի խոսնակի մեկնաբանություններին այդ առիթով՝ Փաթելն ընդգծել է.

«Մենք, իհարկե, գնահատում ենք ՄԱԿ-ի խոսնակի մեկնաբանությունները, բայց դա չի փոխում Միացյալ Նահանգների դիրքորոշումը... Մենք շարունակում ենք հավատացած լինել, նույնիսկ ՄԱԿ-ի այցի լույսի ներքո, որ առկա է մեծ ցանկություն և անհրաժեշտություն Լեռնային Ղարաբաղում ունենալ ավելի երկարաժամկետ անկախ միջազգային դիտորդական առաքելություն: Կարծում ենք, որ դա կապահովի թափանցիկություն և համապատասխան հավաստիացումներ, որ կապահովվեն իրավունքներն ու անվտանգությունը, որի վերաբերյալ մենք շարունակում ենք խորը մտահոգություն ունենալ»,- ասել է Փաթելը:

  • Կիսվել: