երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Լեհաստանում Pegasus-ի միջոցով գաղտնալսել են 578 քաղաքական գործչի հեռախոս. Rzeczpospolita

Լեհաստանում Pegasus-ի միջոցով գաղտնալսել են 578 քաղաքական գործչի հեռախոս. Rzeczpospolita

Իսրայելական Pegasus լրտեսական ծրագիրը, որը գնել են Լեհաստանի հետախուզական ծառայությունները, օգտագործվել է երկրի 578 քաղաքական գործչի հեռախոս գաղտնալսելու համար։ Այս մասին հայտնում է լեհական Rzeczpospolita պարբերականը։

Ըստ հրապարակման՝ Pegasus-ը սկզբում ձեռք է բերվել Կենտրոնական հակակոռուպցիոն բյուրոյի նախաձեռնությամբ, սակայն այնուհետև ստացված տվյալներից սկսել են օգտվել նաև Ներքին անվտանգության գործակալությունը, Ռազմական հակահետախուզության ծառայությունը և ոստիկանությունը։

Ընդ որում, գրում է թերթը, Ներքին անվտանգության գործակալությունը և Ռազմական հակահետախուզության ծառայությունը վճարել են Հակակոռուպցիոն բյուրոյին՝ Pegasus ծրագրային ապահովման միջոցով ստացված տվյալների օգտագործման համար։ Դրա համար ռազմական հակահետախուզությունը Կենտրոնական հակակոռուպցիոն բյուրոյի հաշվին է փոխանցել  տարեկան 4 մլն զլոտի (մոտ 1 մլն դոլար):

Rzeczpospolita-ն նաև կարծում է, որ լեհ քաղաքական գործիչների մասին ստացված տեղեկատվության մի մասը, հնարավոր է,  հաղորդվել է Իսրայելին։

Ավելի վաղ թերթը հաղորդել էր, որ 2025 թվականի կեսերին կարող է դադարեցվել Pegasus-ի օգտագործումը հետաքննող պետական ​​հանձնաժողովի գործունեությունը, քանի որ մեկ տարվա ընթացքում որևէ կոնկրետ արդյունք չի արձանագրվել:

 

  • Կիսվել: