Կյանքից հեռացել է Զուրաբ Ծերեթելին
91 տարեկանում մահացել է վրացի մոնումենտալ նկարիչ, քանդակագործ, Ռուսաստանի արվեստների ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին, Interfax-ին հայտնել է նկարչի օգնական Սերգեյ Շագուլաշվիլին։
«Այո, դա տեղի է ունեցել այսօր առավոտյան ժամը մեկ անց կեսին»,- ասել է գործակալության աղբյուրը։
Ծերեթելին 1997 թվականից Ռուսաստանի արվեստների ակադեմիայի նախագահն է, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի լիիրավ ասպետ։
Նա հեղինակել է գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակի, մոնումենտալ և դեկորատիվ արվեստի ավելի քան 5,000 աշխատանք (որմնանկարներ, խճանկարներ, պանելներ): Որպես քանդակագործ՝ նա ստեղծել է բազմաթիվ հուշարձաններ, այդ թվում՝ «Բարեկամություն ընդմիշտ» Մոսկվայում, «Լավը հաղթում է չարին» Նյու Յորքում ՄԱԿ-ի շենքի դիմաց, «Նոր մարդու ծնունդը»՝ Սևիլիայում, «Քանդիր անվստահության պատը» Լոնդոնում, Զոյա Կոսմոդեմյանսկայայի հուշարձանը Ռուզայում և այլն։