«Կրոկուս»-ում աhաբեկչությունը ծրագրել էին ոչ բարեկամական պետության հատուկ ծառայությունները․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հայտնել է, որ մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության գործով 19 անձի մասնակցությամբ քննչական գործողություններն ավարտվել են, գրել է «Коммерсант»-ը։
Ըստ ՌԴ ՔԿ-՝ ահաբեկչությունը ծրագրվել եւ կազմակերպվել է «ոչ բարեկամական պետության հատուկ ծառայությունների կողմից՝ Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով»։ Թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը՝ չի նշվում։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ ահաբեկչության կազմակերպմանը մասնակցել են Կենտրոնական Ասիայի վեց քաղաքացիներ, որոնցից մի քանիսը կեղծանուններով են։ Նրանք գտնվում են արտերկրում, հեռակա ձերբակալվել են, նրանց նկատմամբ հայտարարված է հետախուզում։
Ենթադրյալ հանցագործները հավաքագրել են ահաբեկչության չորս հեղինակներին՝ Դալերջոն Միրզոեւին, Մուհամադսոբիր Ֆայզովին, Շամսիդին Ֆարիդունին եւ Սաիդաքրամի Ռաչաբալիզոդային, նշել է Քննչական կոմիտեն։
«Կրոկուս սիթի հոլում» ահաբեկչությունը տեղի է ունեցել 2024թ. մարտի 22-ին։ Զոհվել է 145 մարդ, ավելի քան 550-ը՝ վիրավորվել։ Հանցագործության հեղինակները բերման են ենթարկվել հաջորդ օրը՝ մարտի 23-ին։ Ընդհանուր առմամբ գործով մեղադրվում է 27 մարդ։ Փետրվարին մեղադրյալներից մեկի՝ Օլեգ Վլասովի փաստաբանը հայտնել էր հետաքննության ավարտի մասին, եւ կողմերը սկսել են ծանոթանալ գործի նյութերին։ Մարտի 20-ին երկարացվել է ահաբեկչության 8 ենթադրյալ հեղինակների կալանքը։
Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտին», բոլոր քննչական գործողությունների ավարտը նշանակված է մայիսի 22-ին։ Վլասովի խոսքով՝ ինքը գործում չի գտել «Կրոկուսի» վրա հարձակման դրդապատճառների հստակ ձեւակերպում։