Կրեմլը մեկնաբանել Է Պուտինի և Զելենսկու հետ զրույցների մասին Թրամփի հայտարարությունը
«Մենք պաշտոնական հաղորդագրություններ ենք տարածում, իսկ իմ գործընկեր Ուշակովը (ՌԴ նախագահի օգնական) ճեպազրույցների ժամանակ մանրամասնում է տեղի ունեցած հեռախոսազրույցների բովանդակությունը»,- այսպես է արձագանքել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների վերջին հեռախոսակապի վերաբերյալ հարցին։
«Ինտերֆաքսը» հայտնում է, որ երբ լրագրողները փորձել են ճշտել, թե արդյոք Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև եղել է որևէ ոչ ֆորմալ շփում, Պեսկովը սահմանափակվել է կարճ պատասխանով. «Սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել»։
Հատկանշական է, որ նախօրեին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «լավ զրույցներ» է ունեցել Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակում։
«Ես զրուցել եմ և՛ նրա (Պուտինի), և՛ նախագահ Զելենսկու հետ. դրանք լավ զրույցներ էին»,- Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ առանց հստակեցնելու, թե հատկապես երբ են տեղի ունեցել այդ շփումները։
Ինչպես մեջբերում է Reuters գործակալությունը, Թրամփը նաև հավելել է. «Մենք աշխատում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստեղծված իրավիճակի ուղղությամբ և հույս ունենք հասնել հանգուցալուծման»։
Հատկանշական է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ խաղաղ կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները սառեցվել էին փետրվարի վերջին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած պատերազմից հետո։


