հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Կրեմլը կոչ է արել «չգայթակղվել» Ուկրաինայի հակամարտության շուտափույթ կարգավորման հեռանկարով

Կրեմլը կոչ է արել «չգայթակղվել» Ուկրաինայի հակամարտության շուտափույթ կարգավորման հեռանկարով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար ԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է «լուրջ և քրտնաջան» աշխատանք տանեն։ Նա նաև զգուշացրել է հակամարտության արագ կարգավորման վերաբերյալ պատրանքների անթույլատրելիության մասին և կոչ արել «չգայթակղվել դրանցով», տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։

Զրույցի ընթացքում լրագրող Պավել Զարուբինը Դմիտրի Պեսկովին ասել է, որ շատերի մոտ զգացողություն է առաջացել, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի, և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն։  Զարուբինը հարցրել է՝ արժե՞ արդյոք գայթակղվել նման հեռանկարներով։

«Գայթակղվել չարժի։ Շատ լուրջ, քրտնաջան աշխատանք է սպասվում, պետք է խորամուխ լինել մանրամասների մեջ», - պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը:

Նա նաև հիշեցրել է Վլադիմիր Պուտինի վերջերս արած այն հայտարարությունը, որ Ռուսաստանը պաշտպանում է հրադադարի գաղափարը, «սակայն կան նրբերանգներ»։

Ըստ նրա, այդ նրբերանգների վերաբերյալ իր մտահոգությունները Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել հեռախոսազրույցի ընթացքում։

«Այստեղ նրբերանգներ կան, հարցեր կան։ Սա շատ բարդ նյութ է, և շատ աշխատանք կա անելու։ Մենք այս ճանապարհի միայն սկզբին ենք»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը համաձայնել էր 30 օրով էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա հարվածներից փոխադարձ ձեռնպահ մնալու առաջարկին։

Նա նաև պահանջել էր դադարեցնել ռազմական օգնությունը և հետախուզական տվյալների փոխանցումն Ուկրաինային։

  • Կիսվել: