երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
Կոնգոյում էբոլա վիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1700-ը

Կոնգոյում էբոլա վիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1700-ը

Էբոլա վիրուսը Կոնգոյի արևելքում դարձել է ավելի քան 1700 մարդու մահվան պատճառ։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հրապարակված վերջին տվյալները։

Կառավարության վերջին զեկույցի համաձայն՝ օգոստոսի 4-ի դրությամբ գրանցվել է հիվանդության 3802 դեպք, որից 1707-ը՝ մահվան ելքով։

Բռնկումը, որը հայտարարվել է մայիսի 15-ին, կապված է Բունդիբուգյո վիրուսի հետ, որի դեմ հաստատված պատվաստանյութեր կամ բուժման միջոցներ դեռևս չկան։ Աֆրիկայի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ շփումների հետագծման ուշացումները, տուժած շրջաններ հասանելիության դժվարությունները, համայնքների անվստահությունը, ինչպես նաև զինված խմբավորումների և որոշ բնակիչների կողմից իրականացվող բռնությունները խոչընդոտում են արագ արձագանքման աշխատանքներին։

Բռնկումը հիմնականում կենտրոնացած է Կոնգոյի արևելքում գտնվող Իտուրի նահանգում. այստեղ է գրանցվել դեպքերի գրեթե 90 տոկոսը։ Սակայն դեպքեր հաստատվել են նաև ևս հինգ նահանգներում, այդ թվում՝ երկրի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Կիսանգանիում։

Հարևան Ուգանդան իրեն հայտարարել է էբոլայից զերծ՝ հունիսի կեսերին երկրում վերջին հիվանդի դուրսգրումից հետո։

Օգոստոսի 3-ին Մոնգբվալու քաղաքում բուժաշխատողները վերջնագիր են ներկայացրել՝ կապված չվճարված աշխատավարձերի հետ։

Ավելի վաղ գործադուլ էին հայտարարել Բունիայի բուժաշխատողները՝ կրկին աշխատավարձերի չվճարման և վտանգավոր աշխատանքային պայմանների պատճառով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ բռնկման սկզբից ի վեր վարակվել է ավելի քան 100 բուժաշխատող։

Այս վերջին բռնկումն ավելի շատ մարդկային կյանք է խլել ավելի կարճ ժամանակահատվածում, քան էբոլայի նախորդ բռնկումների ժամանակ էր։ Նույնիսկ 2014-2016 թվականների բռնկման ժամանակ, երբ գրանցվել էր 28,000 դեպք, որոնցից ավելի քան 11,000-ը մահվան ելքով էին, 1,000 մահվան շեմին հասնելու համար պահանջվել էր մոտ ութ ամիս։

 

 

  • Կիսվել: