«Կիրթ մարդկանց խոսակցություն է եղել». Լավրովը՝ Թրամփ–Պուտին հեռախոսազրույցի մասին
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից հետո ռուս–ամերիկյան հարաբերությունների բարելավման հնարավորության մասին հարցը ցույց է տալիս, որ այն, ինչ կատարվում էր ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք, նորմալ չէր։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Հենց միայն հարցը, թե, երեկվա հեռախոսազրույցից հետո արդյոք մենք հնարավոր ենք համարում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը, ցույց է տալիս այն տարիների աննորմալությունը, որոնք մենք տեսել ենք Բայդենի վարչակազմի օրոք, երբ ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո Ռուսաստանը մեղադրվեց բոլոր մեղքերում, երբ ոչ ոք երկար տարիներ չէր լսում արմատական պատճառների մասին մեր նախազգուշացումները», - ասել է նախարարը Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին Մուխրիդինի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ։
Լավրովը նշել է, որ զարմացած է աշխարհի արձագանքից. շատերն արտառոց բան են համարում Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը:
Նա հավելել է, որ եվրոպական երկրները մի կողմ են դրել երկխոսությունը, դիվանագիտությունը՝ որպես արտաքին աշխարհի հետ շփման մեթոդ, անցել են սպառնալիքների լեզվին, պատժամիջոցների ճնշմանն ու Կիևի սպառազինությանը:
ՌԴ արտգործնախարարը հուսով է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցը մի փոքր սթափեցնի Արևմուտքին, որը մոռացել է երկխոսելու լեզուն: