Կիևը հաստատել է Դնեպրոպետրովսկի զորավարժարանին ռուսական հարվածի մասին տեղեկությունը
Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Միխայլո Դրապատին ընդունել է զորավարժարանում ուկրաինացի զինվորների զանգվածային մահվան փաստը, ինչի մասին նախօրեին հայտնել էին ռազմական դիտորդները: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նա, մասնավորապես, ասել է. «Զորավարժարանում տեղի ունեցած ողբերգությունը հակառակորդի հարձակման սարսափելի հետևանք է։ Պատերազմը պահանջում է արագ որոշումներ, պատասխանատվություն և անվտանգության նոր չափանիշներ, հակառակ դեպքում, մենք կորցնում ենք ավելին, քան ունենք»,:
Դրապատիի խոսքով՝ ողբերգության հանգամանքների հետաքննությունը շարունակվում է, ինքն անձամբ հետևում է ամեն քայլի։
Պաշտոնյան զոհերի և վիրավորների կոնկրետ թիվ չի նշել։ Նա հայտնել է, որ հրամայել է անկախ հետաքննություն անցկացնել ռազմական հակահետախուզության մասնակցությամբ, «որպեսզի ոչ մի դետալ աննկատ չմնա, իսկ մեղավորները չկարողանան խուսափել պատասխանատվությունից»։
Նախօրեին ուկրաինացի զինվորական դիտորդները հայտնել էին, որ մարտի 1-ին ռուսական ռազմական ուժերը «Իսկանդեր-Մ»-ով հարվածել են Դնեպրոպետրովսկի մարզի Սամար քաղաքի մոտ գտնվող զինծառայողների պատրաստման կենտրոնին։ ՌԴ ՊՆ-ն շաբաթ հայտնել էր, որ «Իսկանդեր-Մ»-ով հարված է հասցրել Դնեպրոպետրովսկի մարզի Նովոմոսկովսկ զորավարժարանին, որտեղ պատրաստություն էին անցնում Ուկրաինայի ԶՈւ 157-րդ բրիգադի զինծառայողները։