հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Կիևը համաձայնել է, որ ԵՄ-ն ֆինանսավորի «Դրուժբա»-ի վերանորոգումը

Կիևը համաձայնել է, որ ԵՄ-ն ֆինանսավորի «Դրուժբա»-ի վերանորոգումը

Եվրամիությունն Ուկրաինային տեխնիկական աջակցություն և ֆինանսավորում է առաջարկել՝ «Դրուժբա» նավթամուղի վերանորոգման համար, որը վնասվել էր հունվարի 27-ին Ռուսաստանի կողմից իրականացված հարվածի հետևանքով։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրոպական Խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի համատեղ հայտարարության մեջ, տեղեկացնում է The Insider-ը՝ նշելով, ո Կիևն ընդունել է առաջարկը։

Ինչպես հաղորդվում է՝ ԵՄ-ն «ինտենսիվ բանակցություններ» է վարել Ուկրաինայի և անդամ պետությունների հետ՝ Հունգարիա և Սլովակիա նավթի մատակարարումները վերականգնելու համար, որոնք ընդհատվել էին ենթակառուցվածքների վրա հարձակումից հետո։

Նշվում է նաև, որ Բրյուսելն ընդգծել է, որ  զուգահեռ շարունակվում են աշխատանքներն այլընտրանքային մատակարարման ուղիների, մասնավորապես՝ ոչ ռուսական նավթի տարանցման ուղղությամբ դեպի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ։ Հետևաբար, խողովակաշարի վերականգնումը դիտվում է որպես էներգետիկ անվտանգության ապահովման միջոց, այլ ոչ թե ռուսական հում նավթի տարանցումը վերսկսելու քաղաքական որոշում։

«Դրուժբա» նավթամուղի շուրջ կոնֆլիկտը սրվել էր հունվարի վերջին նավթի մղման դադարեցումից հետո։ Հունգարիան և Սլովակիան պահանջել էին դրա վերսկսումը՝ հղում անելով գործող համաձայնագրերին և ԵՄ-ի կողմից մինչև 2027 թվականը ռուսական էներգետիկ ռեսուրսներ ներմուծելու թույլտվությանը։ 

  • Կիսվել: