հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է որպես հրադադարի պայման։

Այս մասին Reuters-ի հետ հարցազրույցում ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ «Մենք շարունակում ենք աշխատել աջակցության ծրագրի վրա»,- ընդգծել է Կալասը՝ մեկնաբանելով Կիևին 40 միլիարդ եվրոյով աջակցելու ԵՄ ծրագիրը: Նրա համոզմամբ՝ Ուկրաինան պետք է կարողանա պաշտպանել իրեն:

Կալասը Բրյուսելում ներկայացնելու է պաշտպանության վերաբերյալ ԵՄ Սպիտակ գիրքը՝ Եվրահանձնաժողովի ծրագիրը, որն ուղղված է ԵՄ տնտեսության ռազմականացմանը, ռազմական հզորությունների ավելացմանն ու Ուկրաինային զենքի մատակարարումների ուժեղացմանը:

«Եթե Ռուսաստանը հասնի նրան, որ դադարեցվի ռազմական օգնությունն Ուկրաինային, ապա կշարունակի գործել ինչպես ցանկանում է, քանի որ ուկրաինացիները չեն կարողանա պաշտպանվել», - նախազգուշացրել Է Կալասը։ Մեկնաբանելով Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը՝ ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է. «Այն հստակ ցույց տվեց, որ Ռուսաստանը մտադիր չէ լրջորեն որևէ զիջումների գնալ»:

Իր հերթին, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը մարտի 19-ին Հելսինկիում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո ընդգծել է, որ Ուկրաինան իրեն պաշտպանելու անվիճելի իրավունք ունի՝ «ինչպես ինքնուրույն, այնպես էլ իր գործընկերների օգնությամբ», և Ֆինլանդիան կաջակցի Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։

  • Կիսվել: