ԿՀՎ աշխատակիցն ընդունել է մեղքը Իրանին հարված հասցնելու վերաբերյալ Իսրայելի գաղտնի պլանների արտահոսքի հարցում
ԿՀՎ աշխատակիցը, որը մեղադրվել է Իրանին հարվածելու Իսրայելի պլանների վերաբերյալ գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մեջ, ուրբաթ օրը մեղավոր է ճանաչվել ազգային պաշտպանության մասին տեղեկությունները գիտակցաբար պահելու եւ փոխանցելու համար, հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ արդարադատության նախարարությանը:
Ասիֆ Ուիլյամ Ռահմանը, որը 2016ից աշխատում է ԱՄՆ հետախուզությունում, խոստովանել է, որ ապօրինի կերպով ներբեռնել, տպել եւ տարածել է գաղտնի տեղեկատվություն մի քանի անգամ, այդ թվում՝ 2024թ.։
2024թ. գարնանը նա իր աշխատանքային համակարգչից տպել է «գաղտնի» եւ «հույժ գաղտնի» հինգ փաստաթուղթ եւ դրանք տուն տարել, նշվել է դատականփաստաթղթերում։ Այնուհետեւ նա բազմացրել է դրանք եւ տվել այն մարդկանց, որոնք օրենքով իրավունք չունեին ստանալ դրանք:
Իր գործողությունները թաքցնելու համար Ռահմանը ջնջել է գրառումներն իր էլեկտրոնային սարքերից, դրանք վերադարձրել աշխատավայր ու ոչնչացրել։
Երկրորդ անգամ՝ 2024թ. աշնանը, դատական փաստաթղթերի համաձայն, նա տպել է եւս 10 փաստաթուղթ՝ «հույժ գաղտնի» մակագրությամբ, տարել տուն եւ տվել այլ մարդկանց։
Այնուհետեւ 2024թ. հոկտեմբերի 17-ին նա տպել է եւս երկու փաստաթուղթ՝ կապված օտարերկրյա հակառակորդին հարվածելու ԱՄՆ դաշնակցի պլանների հետ, նշվել է դատական փաստաթղթերում:
Այդ փաստաթղթերը, որոնցում խոսվում է Իրանին հարվածելու իսրայելական ծրագրերի մասին, հետագայում հայտնվել են համացանցում այն բանից հետո, երբ դրանք հրապարակել է իրանամետ օգտահաշիվը «Middle East Spectator» Telegram-ալիքում:
Գործը հանձնվել է ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արեւելյան օկրուգի դատարան:
34-ամյա Ռահմանը ԱՄՆ Վիրջինիա նահանգի Վիեննա քաղաքից է եւ, դատական փաստաթղթերի համաձայն, ձերբակալվել է Կամբոջայում։ Նրա դատավճիռը պետք է կայացվի մայիսի 15-ին։