հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
«Խաղաղության համաձայնագրում պետք են երաշխիքներ, որ կբացառել Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին». Գրուշկո

«Խաղաղության համաձայնագրում պետք են երաշխիքներ, որ կբացառել Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին». Գրուշկո

Ռուսաստանը Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագրում կպահանջի «անսասան» երաշխիքներ, որ ՆԱՏՕ-ի երկրները կբացառեն Կիևի անդամակցությունը դաշինքին. հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

«Մենք կպահանջենք, որ անվտանգության անսասան երաշխիքները դառնան այս համաձայնագրի մաս»,- «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է նա՝ հավելելով,- «Այդ երաշխիքների մաս պետք է կազմեն Ուկրաինայի չեզոք կարգավիճակը և ՆԱՏՕ-ի երկրների՝ նրան դաշինք ընդունելուց հրաժարվելը»:

Գրուշկոն նաև վերահաստատել է Կրեմլի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ Մոսկվան կտրականապես դեմ է ՆԱՏՕ-ի դիտորդների տեղակայմանը Ուկրաինայում:

 

«Անկախ նրանից, թե ինչ անվան տակ ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները կտեղակայվեն Ուկրաինայի տարածքում՝ լինի դա Եվրամիության, ՆԱՏՕ-ի, թե ազգային կարգավիճակով, նշանակում է, որ նրանք հայտնվել են հակամարտության մեջ՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ»,- ասել է նա:

Գրուշկոն ընդգծել է, որ քաղաքացիական դիտորդների տեղակայման մասին կարելի է խոսել միայն խաղաղության համաձայնագրի ձեռքբերումից հետո:

«Մենք կարող ենք քննարկել անզեն դիտորդների կամ քաղաքացիական առաքելության մասին, որը կհսկի համաձայնագրի առանձին կետերի կատարումը կամ երաշխիքային մեխանիզմները: Առայժմ դրանք պարզապես դատարկ խոսքեր են»,- ասել է նա:

Գրուշկոն հավելել է, որ Կիևի եվրոպական դաշնակիցները պետք է գիտակցեն, որ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար անհրաժեշտ է բացառել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և վերացնել օտարերկրյա զինված ստորաբաժանումների տեղակայման հնարավորությունը նրա տարածքում:

  • Կիսվել: