երեքշաբթի, ապրիլ 8
8 / 4 / 2025
Կարմիր ծովում ամերիկյան ավիակրի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել են հութիները

Կարմիր ծովում ամերիկյան ավիակրի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել են հութիները

Եմենի հութիները հայտարարել են, որ Կարմիր ծովում գտնվող ամերիկյան ռազմանավերի խմբի վրա իրենց զինյալներն են օդային հարձակում իրականացրել, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ մարտի 16-ին հարձակման են ենթարկվել ամերիկյան USS Harry S. Truman ավիակիրն ու նրան ուղեկցող ռազմանավերը:

Հութիներն օգտագործել են 18 հրթիռ և մեկ անօդաչու թռչող սարք: Reuters-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, հայտնել է, որ ամերիկյան ինքնաթիռները 11 անօդաչու թռչող սարք են խոցել։ Հութիների արձակած հրթիռը պայթել է օդում և ընկել Եմենի տարածքային ջրերում։

Նշենք, որ հունվարի 19-ից, երբ Գազայի հատվածում սկսեց գործել ՀԱՄԱՍ-ի ու Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի ռեժիմը, հութիները ռազմական գործողություններ չէին իրականացնում տարածաշրջանում: Սակայն մարտի 11-ին նրանք սպառնացել են նոր հարձակումներով իսրայելական նավերի վրա, քանի որ Իսրայելը արգելել է մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված:

Ամերիկյան ռազմանավերի վրա հարձակումներով հութիները պատասխանել են խմբավորման դիրքերի գնդակոծմանը, որը Միացյալ Նահանգները սկսել էր մարտի 16-ի գիշերը։ Հութիների վերահսկողության տակ գտնվող առողջապահության նախարարությունը հայտնել է 53 զոհի մասին, այդ թվում՝ 5 կին և 2 երեխա, ևս 98-ը վիրավորվել են։ Սպիտակ տունը պնդում է, որ հարձակումների ժամանակ սպանվել են խմբավորման մի շարք բարձրաստիճան անդամներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եմենի հութիների գրոհները համակարգում է Իրանը:

  • Կիսվել: