չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ֆեդերացիան վրդովմունք է հայտնել Գազայում 15 բուժաշխատողների և հումանիտար աշխատողների զոհվելու կապակցությամբ

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ֆեդերացիան վրդովմունք է հայտնել Գազայում 15 բուժաշխատողների և հումանիտար աշխատողների զոհվելու կապակցությամբ

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան (IFRC) իր վրդովմունքն է հայտնել Գազայի հատվածում իրենց պարտականությունները կատարելիս պաղեստինյան Կարմիր մահիկի 9 բուժաշխատողների, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության 5 և ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) մեկ աշխատակցի զոհվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Պաղեստինյան Կարմիր մահիկ ընկերությունը մարտի 30-ին հայտարարել էր 15 աշխատակիցների դիերի հայտնաբերման և նույնականացման մասին. նրանք մեկ շաբաթ առաջ սպանվել էին Գազայի հատվածի Ռաֆահի շրջանում շտապօգնության մեքենաների վրա իսրայելական բանակի հարձակման հետևանքով: 

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չապագայնը նշել է, որ միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները սահմանում են հումանիտար ոլորտի և առողջապահական ծառայություններ իրականացնող աշխատակիցների պաշտպանությունը՝ կոչ անելով կողմերին դադարեցնել  սպանությունները։

«Պաղեստինյան Կարմիր մահիկի կամավորների և աշխատակիցների թիվը, որոնք զոհվել են այս հակամարտության սկզբից ի վեր, հասել է 30-ի», - նշել է Չապագայնը:

Իր հերթին Իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) հայտնել է, որ անհետացած բուժաշխատողներին գտել են ձեռնաշղթաներով և թաղված մեկ փոսում՝ նշելով, որ դա շտապօգնության անձնակազմի ամենամեծ զանգվածային թիրախավորումն ու դիտավորյալ սպանությունն է:

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը ՄԱԿ-ին կոչ է արել հետաքննել պաղեստինյան Կարմիր մահիկի և քաղաքացիական պաշտպանության աշխատակիցների սպանությունը, որն, ըստ նրա, իրականացրել են իսրայելական ուժերը։

 

  • Կիսվել: