երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Կապիտալի մեծ ներհոսք կա երկիր. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին

Կապիտալի մեծ ներհոսք կա երկիր. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին

Կապիտալի մեծ ներհոսք կա երկիր: Հայաստանն իր տնտեսական գրավչությամբ այսօր շատ լավ դիրքում է, ու բազում միջազգային ներդրողներ ցանկանում են ներդրում իրականացնել Հայաստանում՝ թե՛ պետական պարտատոմսերի շուկայում դրամով արտահայտված, թե՛ բիզնես պրոյեկտներում: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 16-ի նիստին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե վերջին շրջանում ինչն է ազդել դրամի արժևորման վրա:

«Այդ փողի ներհոսքն է, որ երբ կապիտալի ու ֆինանսական հաշվի միջոցով գալիս է Հայաստան, մենք տեսնում ենք արտարժույթի առաջարկի ավելի մեծ ծավալներ, քան այդ արտարժույթի նկատմամբ կա պահանջարկ, որի արդյունքում փոխարժեքը բնականորեն նվազում է:

Մեզ մոտ ազատ լողացող փոխարժեք է, ու ամեն ինչ կախված կլինի ֆինանսական այն հոսքերից, որը մենք կդիտարկենք: Եթե մեր արտահանումն էականորեն նվազի, իսկ ներմուծումը շարունակի մնալ այն տիրույթում, որ այսօր ունենք, ու չկոմպենսացվի ֆինանսական հոսքերով, բնականաբար, մենք կարող ենք տեսնել որոշակի երևույթներ:

Բայց նաև կան բազում այլ սցենարներ, որի դեպքում կդժվարանամ ասել, թե փոխարժեքը որ ուղղութամբ կշարժվի, որովհետև այն, որպես կանոն, տնտեսական պրոցեսների հետևանք է: Ինչ տնտեսական պրոցեսներ տեղի կունենան, այդ ձևով կարձագանքի փոխարժեքը:

Կենտրոնական բանկն էլ, որպես կանոն, փորձում է չմիջատնել շուկային, որովհետև մենք որդեգրել ենք ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն»,- ասաց նա:

  • Կիսվել: