Կանադայի վարչապետը խոստացել է չհանդիպել Թրամփի հետ, քանի դեռ նա չի ճանաչել երկրի ինքնիշխանությունը
Կանադայի վարչապետ Մարկ Քառնին գլխավոր նահանգապետ Մերի Սայմոնին խնդրել է ցրել խորհրդարանը։ Երկրում վաղաժամկետ ընտրությունները, որոնք նախատեսված էին հոկտեմբերի 28-ին, տեղի կունենան ապրիլի 28-ին։ Որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի ֆոնին։
«Ես հենց նոր խնդրեցի գլխավոր նահանգապետին (Անգլիայի թագավոր Չառլզ Երրորդի ներկայացուցիչը, որըպաշտոնապես Կանադայի պետության ղեկավարն է - «Կոմերսանտ») ցրել խորհրդարանը և ընտրություններ նշանակել ապրիլի 28-ին: Նա համաձայնել է»,- ասել է Քառնին ազգին ուղղված իր ելույթում:
Մարկ Քառնին կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ցանկանում է կոտրել» Կանադան, որպեսզի «Ամերիկան կարողանա տիրել հարևան երկրին»: Նա խոստացել է չհանդիպել Թրամփի հետ, քանի դեռ նա չի ճանաչել Կանադայի ինքնիշխանությունը։
«Մենք բախվում ենք մեր կյանքի ամենակարևոր ճգնաժամին՝ նախագահ Թրամփի չարդարացված գործողությունների պատճառով... Մեր պատասխանը պետք է լինի ավելի ուժեղ տնտեսություն և ավելի անվտանգ Կանադա կառուցելը», - ասել է Քառնին:
Կանադայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնել է մարտի 14-ին՝ իր նախորդ Ջասթին Թրյուդոյի հրաժարականից հետո։ Արտահերթ ընտրությունների հայտարարումը սպասվում էր, քանի որ այսօր՝ մարտի 24-ին, խորհրդարանը նախատեսում էր քննարկել Մարկ Քառնիին վստահության քվեի հարցը։
Մարտի 4-ից ուժի մեջ են մտել կանադական ապրանքների ԱՄՆ ներմուծման համար 25% մաքսատուրքերը։ Ի պատասխան՝ Օտտավան հայտարարել է ամերիկյան ապրանքների համար նմանատիպ մաքսատուրքերի մասին։ Այնուհետև Դոնալդ Թրամփը խոստացել է կրկնապատկել մաքսատուրքերը։ Կանադան հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն։
Թրամփը բազմիցս կարծիք է հայտնել, որ կանադացիներից շատերը կողմ են, որ իրենց երկիրը դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը։ Նա կարծում է, որ նման միավորումը Կանադային տնտեսական կայունություն կբերի և կպաշտպանի արտաքին սպառնալիքներից, որոնք, ըստ Թրամփի, գալիս են, մասնավորապես, Ռուսաստանից և Չինաստանից։ Նախկինում Քաrնին բազմիցս հայտարարել է, որ իր երկիրը երբեք և ոչ մի ձևով չի դառնա Միացյալ Նահանգների մաս: