Կամչատկայի Շիվելուչ հրաբխին տրվել է ավիացիոն վտանգի ամենաբարձր կոդը
Կամչատկայի Շիվելուչ հրաբուխը ծովի մակարդակից մինչև 10,5 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել, հայտնել են Կամչատկայի հրաբխային ժայթքումների արձագանքման խմբում (KVERT)։
Մասնագետների տվյալներով՝ արտանետումը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 08:05-ին։ Մոխրի ամպը հրաբխից մոտ 65 կիլոմետր տարածվել է դեպի հյուսիս-արևմուտք։
KVERT-ի տեղեկացմամբ՝ Շիվելուչի ժայթքումը շարունակվում է։ Այն ուղեկցվում է ինտենսիվ գոլորշագազային ակտիվությամբ, իսկ լավայի գմբեթի հյուսիսային հատվածում շարունակվում է նոր գմբեթի աճը։
Հրաբխագետները զգուշացնում են, որ ցանկացած պահի հնարավոր են մոխրի նոր արտանետումներ՝ ծովի մակարդակից մինչև 12 կիլոմետր բարձրությամբ։
Շիվելուչին տրվել է կարմիր՝ ավիացիոն վտանգի ամենաբարձր կոդը։ Հրաբխի ակտիվությունը կարող է վտանգ ներկայացնել միջազգային և ցածր բարձրությամբ թռչող օդանավերի համար։



