երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Կալասը բացառում է ռուս-ուկրաինական հակամարտության լուծումն առանց ԵՄ-ի մասնակցության

Կալասը բացառում է ռուս-ուկրաինական հակամարտության լուծումն առանց ԵՄ-ի մասնակցության

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը կարծում է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ ոչ մի համաձայնագիր չի կարող լինել առանց Եվրոպայի մասնակցության։  Corriere della Sera թերթին տված հարցազրույցում նա նաև նշել է, որ ԵՄ-ի օգնությունն Ուկրաինային բարեգործություն չէ։

«Այս պատերազմը Եվրոպայում է, վերաբերում է Ուկրաինային, բայց նաև Եվրոպային, իսկ իրական խաղաղության հասնելու համար Եվրոպայի մասնակցությունն անհրաժեշտ է: Ես չեմ տեսնում որևէ համաձայնագիր առանց ԵՄ-ի մասնակցության», - ասել է նա։

Իսկ Ուկրաինային տրամադրված ԵՄ օգնությունը Կալասը համարում է ներդրում սեփական անվտանգության մեջ։

«Մեզ համար Ուկրաինային օգնելը չի ​​նշանակում բարեգործություն, մենք այդպիսով ներդրում ենք կատարում սեփական անվտանգության մեջ, որովհետև չենք ցանկանում, որ այս պատերազմն ավելի հեռու գնա, և մենք ուզում ենք կանգնեցնել այն», - նշել է քաղաքական գործիչը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ թե՛ ինքը, թե՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կցանկանային գործարք կնքել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ։ 

 

  • Կիսվել: