կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Կալասի համար անակնկալ է եղել ամերիկյան զորքը Գերմանիայից դուրս բերելու որոշումը

Կալասի համար անակնկալ է եղել ամերիկյան զորքը Գերմանիայից դուրս բերելու որոշումը

 Ամերիկյան զորքը Գերմանիայից դուրս բերելու որոշման ժամկետներն անակնկալ էին։ Այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը: Նրա խոսքով` երկար ժամանակ է, որ քննարկվում էր ԱՄՆ զորքերի դուրսբերումը Եվրոպայից։
 

«Բայց այս հայտարարությունն այս ժամանակահատվածում անակնկալ էր: Դա ապացուցում է, որ մենք պետք է ուժեղացնենք եվրոպական հենասյունը ՆԱՏՕ-ում և պետք է ավելին անենք: Ամերիկյան զորքերը Եվրոպայում են ոչ միայն եվրոպական, այլև ամերիկյան շահը պաշտպանելու համար»,– ասաց նա։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ընդհանրապես չմեկնաբանեց ԱՄՆ-ի հայտարարությունը, իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Երևանում հայտարարեց, որ եվրոպական երկրները լսել են Իրանին հարվածելու համար Եվրոպայում գտնվող բազաների օգտագործման մասին ԱՄՆ–ի դժգոհությունները և այժմ աշխատում են, որ ամերիկյան ռազմակայանների վերաբերյալ համաձայնագրերը գործեն։
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ն առաջիկա 6-12 ամիսների ընթացքում Գերմանիայից դուրս կբերի 5 հազար ամերիկացի զինծառայողի: Ավելի ուշ ԱՄն նախագահ Թրամփը հայտարարեց, որ Գերմանիայում ամերիկյան զորակազմը կկրճատվի ավելի քան 5 հազարով։
Մայիսի 3-ին էլ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարեց, որ ԱՄՆ-ի կողմից իր զորակազմի մի մասի դուրսբերումը կապ չունի Իրանի շուրջ տարաձայնությունների հետ: Նա նշեց, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք ամերիկյան զորքերը Գերմանիայում զուտ ժամանակավոր էին տեղակայվել, և զորքերը դուրս բերելու հարցի շուրջ վաղուց են բանակցում։

  • Կիսվել: