հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Կադիրովը զարմիկին նշանակել է Չեչնիայի Անվտանգության խորհրդի քարտուղար

Կադիրովը զարմիկին նշանակել է Չեչնիայի Անվտանգության խորհրդի քարտուղար

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը զարմիկին՝ Խամզաթին, նշանակել է Չեչնիայի Անվտանգության խորհրդի քարտուղար։

«Խորհրդակցության ժամանակ առաջարկել եմ կադրային փոփոխություններ Շալինի շրջանի վարչակազմում։ Շրջանի նոր ղեկավար է լինելու թանկագին եղբայր Տուրպալ-Ալի Իբրահիմովը։ Չեչնիայի Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել թանկագին զարմիկ Խամզաթ Կադիրովը։ Նրանք երկուսն էլ ունեն ղեկավար պաշտոններում աշխատելու հարուստ փորձ եւ կիրականացնեն իրենց վրա դրված պարտավորությունները»,- գրել է Կադիրովն իր թելեգրամ-ալիքում։

Խամզաթ Կադիորվը Չեչնիայի ղեկավարի հարազատ եղբոր՝ Զելիմխանի որդին է։ Իր առաջին նշանակումը Խամզաթ Կադիրովն ստացել է 21 տարեկանում, այդ ժամանակ նա դարձել է Կուրչալոեւյան շրջանի վարչակազմի փոխղեկավար, նույն թվականին դարձել է այդ շրջանի ղեկավարը։ 2023թ. դարձել է Չեչնիայի կառավարության նախագահի տեղակալ-գույքային եւ հողային հարաբերությունների նախարար։

Մայիսի սկզբին Կադիրովը մեկ այլ զարմիկին՝ Ադամ Չերգիխովին, նշանակել էր տրանսպորտի, կապի եւ թվային զարգացման նախարար։

Չեչնիայի կառավարությունում 23 պաշտոններից ինը զբաղեցնում են Կադիրովի ազգականները, հաշվել է «Агентство»-ն։

  • Կիսվել: