Ջրային պաշարների պակասը լուրջ անհանգստություն է առաջացնում. Ալիև
Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ արված իր ուղերձում։
«Ջրային պաշարների պակասը լուրջ անհանգստություն է առաջացնում ոչ միայն Ադրբեջանում, այլև ողջ տարածաշրջանում։ Կասպից ծովի մակարդակի նվազումը, որը մոտենում է վերջին երկու դարերի պատմական նվազագույնին, ակնհայտորեն վկայում է այս խնդրի ողջ լրջության մասին», - ասել է նա։
Նրա խոսքով՝ բնապահպանական մարտահրավերները, որոնց բախվում է մոլորակը, կործանարար ազդեցություն են ունենում ոչ միայն էկոհամակարգերի, այլև կայուն զարգացման, առողջապահության, կենսապայմանների և պետությունների բարեկեցության վրա։
«Ապագա սերունդների բարեկեցությունն ուղղակիորեն կախված է նրանից, թե որքան արդյունավետ ենք մենք այսօր դիմակայում այս մարտահրավերներին։ Մենք ականատես ենք լինում, թե ինչպես ամբողջ երկրով մեկ հաճախանում են ինչպես ջրհեղեղները, այնպես էլ երաշտները։ Ադրբեջանում մենք այս պատասխանատվությանը մոտենում ենք ամբողջ լրջությամբ և իրականացնում ենք լայնածավալ նախաձեռնություններ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում», - նշել է Ալիևը։



