Իսրայելը կշարունակի ապառազմականացման քաղաքականությունը Սիրիայի հարավում․Նեթանյահու
Իսրայելը կշարունակի ապառազմականացման քաղաքականությունը Դամասկոսից հարավ ընկած տարածքում և սիրիական իշխանություններին և խմբավորումներին թույլ չի տա վնաս հասցնել տեղի դրուզներին: Այս մասին Սիրիայում իրավիճակի սրման կապակցությամբ արված իր տեսաուղերձում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք մշակել ենք հստակ քաղաքականություն. նախ՝ տարածքի ապառազմականացում Դամասկոսից հարավ` Գոլանի բարձունքներից մինչև Դրուզական լեռներ , երկրորդը՝ մեր դրուզ եղբայրների պաշտպանությունն է»։
Ըստ Նեթանյահուի՝ ընթացիկ շաբաթվա մեջ Իսրայելը սկսել է հարվածներ հասցնել Սիրիային, քանի որ այդ երկրի իշխանությունները խախտել են վերը նշված երկու սկզբունքները:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին հայտնի էր դարձել Սուվեյդա նահանգում մի շարք դրուզական (էթնիկ խմբեր, որոնց աջակցում է Իսրայելի կառավարությունը-խմբ.) բնակավայրերի վրա սիրիական զինված խմբավորումների հարձակման մասին, ինչի հետևանքով փակվել էր նաև նահանգը Դամասկոսին կապող մայրուղին: Խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար դրուզական ինքնապաշտպանական ջոկատները բախումներ են սկսել զինյալների հետ։
Դրուզներին աջակցելու նպատակով Իսրայելի պաշտպանության բանակը հուլիսի 16-ին հարված է հասցրել Դամասկոսում Սիրիայի գլխավոր շտաբի տարածքին: Սիրիայի հետ հակամարտության սրման ֆոնին Իսրայելի բանակը նաև հայտարարել է Գոլանի բարձունքներ երկու դիվիզիա տեղափոխելու պատրաստակամության մասին:
Իսրայելի վարչապետը երկրի քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է սիրիական փոքրամասնության՝ դրուզների փրկության գործողության մասին:


