կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Իսրայելը գուցե ստիպված կլինի դարձյալ գործել՝ վերացնելու համար Իրանից բխող գոյութենական սպառնալիքները. Կաց

Իսրայելը գուցե ստիպված կլինի դարձյալ գործել՝ վերացնելու համար Իրանից բխող գոյութենական սպառնալիքները. Կաց

Թեև Իսրայելը սատարում է Իրանի հետ հարաբերություններում Միացյալ Նահանգների դիվանագիտական ջանքերին, երկիրը, գուցե, շուտով ստիպված կլինի դարձյալ գործել՝ վերացնելու համար Իսլամական Հանրապետությունից բխող գոյութենական սպառնալիքները: Այս մասին Իսրայելի ռազմաօդային ուժերի հաջորդ հրամանատար Օմեր Տիշլերին գեներալ-մայորի կոչում շնորհելու արարողության ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, տեղեկացնում է Times of Israel-ը։

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին տարվա ընթացքում Իրանը չափազանց լուրջ հարվածներ է կրել, որոնք նրան բոլոր ոլորտներում տարիներով հետ են շպրտել: ԱՄՆ նախագահ Թրամփը, վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համակարգմամբ, գլխավորում է ռազմական արշավի նպատակներին հասնելու ջանքերն այնպես, որ երաշխավորվի, որ գալիք սերունդների ընթացքում Իրանն այլևս գոյութենական սպառնալիք չի ներկայացնի Իսրայելի, Միացյալ Նահանգների և ազատ աշխարհի համար: Մենք սատարում ենք այդ ջանքերին և ցուցաբերում ենք անհրաժեշտ աջակցություն, սակայն շուտով մեզնից կարող են նոր գործողություններ պահանջվել՝ նպատակների իրագործումն ապահովելու համար»:

Աղբյուրը նշում է նաև, որ Տիշլերը կստանձնի Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնը մայիսի 5-ին՝ փոխարինելով գեներալ-մայոր Տոմեր Բարին։

  • Կիսվել: