հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Իսրայելում հիասթափված են ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագրից

Իսրայելում հիասթափված են ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագրից

Իսրայելի պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներն այս շաբաթ կայացած անվտանգության հարցերով նախարարների կաբինետի նիստի ժամանակ հիասթափություն են հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի մշակման մասին հայտարարության կապակցությամբ։ Այս մասին հայտնում է «The Jerusalem Post»-ը։

Պարբերականի երկու իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) բարձրաստիճան պաշտոնյաները նախարարներին և կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուին հայտնել են, որ Հորմուզի նեղուցի ծովային շրջափակման պատճառով Իրանի տնտեսությունը կտրուկ վատթարացել է, և շարունակվող տնտեսական ճնշումը կարող է էլ ավելի խորը ճգնաժամի հանգեցնել Թեհրանին։

Զրուցակիցները նշել են, որ շրջափակումից ամենաշատը տուժած ոլորտներից մեկը դարձել է Իրանի նավթային արդյունաբերությունը։

Պարբերականի աղբյուրները հավելել են, որ սահմանափակումների պահպանումը կարող էր ստիպել Իրանին փակել նորանոր հանքավայրեր՝ պոտենցիալ անդառնալի վնաս հասցնելով պետական եկամուտների կարևորագույն աղբյուրին։

Միևնույն ժամանակ, «NBC» հեռուստաալիքը՝ հղում անելով իսրայելական մի աղբյուրի, հայտնել է, որ երկրի կառավարությունը մինչ օրս չի ծանոթացել փոխըմբռնման հուշագրի տեքստին։

Հեռուստաալիքի զրուցակիցը չի հստակեցրել՝ արդյո՞ք իսրայելցի դիվանագետները խնդրել են ԱՄՆ-ին տրամադրել համաձայնագրի տեքստը։

Այդուհանդերձ, հեռուստաալիքի ամերիկյան աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն Իրանին հասկացնել է տվել, որ Իսրայելը պատասխան հարվածի իրավունք կունենա «Հեզբոլլահի» հարձակման դեպքում։

«Եթե «Հեզբոլլահը» հարձակվի Իսրայելի վրա, Իսրայելը պատասխան հարված հասցնելու լիարժեք հնարավորություն կունենա»,- ընդգծել է հեռուստաալիքի զրուցակիցը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անձամբ է ստորագրել Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրը։

Իրանական կողմը նույնպես հաստատել է հուշագրի ստորագրման փաստը։

  • Կիսվել: