Իսրայելն աջակցում է ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակման ծրագրին. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծում է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը կարող է շատ բան փոխել։
Ըստ նրա՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Պակիստանում Իրանի հետ բանակցություններից վերադառնալիս խոսել է իր հետ։
«Ամերիկացիները չեն կարող հանդուրժել Իրանի կողմից բանակցությունների մեկնարկի մասին համաձայնագրի ակնհայտ խախտումը»,-ասել է Նեթանյահուն:
«Համաձայնությունն այն էր, որ նրանք կդադարեցնեն կրակը, և իրանցիներն անմիջապես կբացեն [Հորմուզի] նեղուցը, նրանք դա չարեցին։ Ամերիկացիները չէին կարող հաշտվել դրա հետ»,-հավելել է նա։
Նեթանյահուն նաև հավելել է, որ Վենսն իրեն ասել է, որ ԱՄՆ տեսանկյունից կենտրոնական հարցը բոլոր հարստացված նյութերի հեռացումն է և այն բանի ապահովումը, որ առաջիկա տարիներին, հնարավոր է՝ տասնամյակներ շարունակ, Իրանի ներսում ուրանի հարստացում չի լինի․ «Սա նրանց ուշադրության կենտրոնում է և, իհարկե, դա կարևոր է նաև մեզ համար»։
Իսրայելի վարչապետն ընդգծել է՝ Իսրայելն աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրանական նավահանգիստների վրա ռազմածովային շրջափակում կիրառելու որոշմանը: Նրա խոսքով՝ երկու կողմերն էլ «մշտական համակարգման մեջ են»։
«Մեր միջև պառակտման մասին պնդումները բացարձակապես կեղծ են։ Ճիշտ հակառակն է։ Դա կարող է վկայել յուրաքանչյուր ոք, ով ներկա է եղել այս զրույցներին և նախագահի ու նրա թիմի հետ մեր ամենօրյա քննարկումներին։ Այս մակարդակի համակարգում երբեք չի եղել»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը:


