հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայի հատվածի հարավում գործողություններ սկսելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայի հատվածի հարավում գործողություններ սկսելու մասին

Իսրայելը հինգշաբթի ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի շրջանում, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը:

«Վերջին մի քանի ժամվա ընթացքում ՑԱՀԱԼ-ի ուժերը գործողություններ են սկսել Ռաֆահի շրջանում։ Ոչնչացվել է ահաբեկիչների ենթակառուցվածքի մի մասը:

Բացի դրանից՝ Իսրայելի Պաշտպանության բանակը շարունակում է գործողությունները Գազայի հյուսիսային և կենտրոնական հատվածներում»,- ասված է իսրայելական բանակի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ «Իսրայելի բանակն ու հատուկ ծառայությունները կշարունակեն գործել Գազայի հատվածում ահաբեկչական կազմակերպությունների դեմ՝ հանուն Իսրայելի քաղաքացիների պաշտպանության»:

Հիշեցնենք, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսման և հարյուրավոր զոհերի մասին տեղեկությունների ֆոնին Իսրայելի վարչապետը դիմել էր ՀԱՄԱՍ-ին՝ նշելով, որ «սա միայն սկիզբն է, բանակցությունները շարունակվելու են կրակի ներքո»:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարն աղետ էր որակել Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումը:

Իսրայելում էլ բողոքի ցույցեր էին սկսվել: Հազարավոր իսրայելցիներ քննադատում են Բենիամին Նեթանյահուի վարած քաղաքականությունը և հրադադարը խախտելու որոշումը:

  • Կիսվել: