հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
Իսրայելի նախագահը flydubai-ի չվերթից չորս անձի կառաջադրի քաղաքացիական հերոսության համար բարձրագույն մրցանակի

Իսրայելի նախագահը flydubai-ի չվերթից չորս անձի կառաջադրի քաղաքացիական հերոսության համար բարձրագույն մրցանակի

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է, որ առաջարկելու է «Քաղաքացիական հերոսության համար» նախագահական պարգև շնորհել flydubai ավիաընկերության սեպտեմբերի 30-ին իրականացված FZ1073 չվերթի չորս իսրայելցի ուղևորների։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

Պարգևի ներկայացվող չորս անձինք են՝ Յանիվ Հայունը, Ցվիկա Մանեսը և Ասաֆ Ռաջուանը, որոնք մտել են օդաչուների խցիկ և վնասազերծել երկրորդ օդաչուին այն բանից հետո, երբ վերջինս դանակահարել էր օդանավի հրամանատար Սմիթ Մաչհչարին, ինչպես նաև բժիշկ Շոթա Մուսաևին, ով փորձել էր բուժօգնություն ցուցաբերել ծանր վիրավորում ստացած։

«Հայունը, Մանեսը և Ռաջուանը շտապել են օգնության, մտել օդաչուների խցիկ և վնասազերծել հարձակվողին՝ իրենց կյանքը իրական վտանգի ենթարկելով, մինչ Հայունը կայունացրել է օդանավի կառավարման համակարգը։ Հարձակվողին վնասազերծելուց հետո բժիշկ Մուսաևը բուժօգնություն է ցուցաբերել ծանր վիրավոր օդաչուին՝ օգնելով կայունացնել նրա վիճակը մինչև Սաուդյան Արաբիայում օդանավի հարկադիր վայրէջք կատարելը»,- պատմում է Հերցոգը։

Նրա խոսքով՝ ուղևորների և անձնակազմի արագ արձագանքումը կանխել է խոշոր աղետը։

Նախագահը նշել է, որ զրուցել է չորս տղամարդկանց հետ և «խորին երախտագիտություն հայտնել ծայրահեղ վտանգի պահերին նրանց դրսևորած հնարամտության, քաջության և փոխադարձ պատասխանատվության համար»։

Քաղաքացիական հերոսության համար նախագահական մրցանակը սահմանվել է Հերցոգի կողմից՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի գլխավորությամբ իրականացված հարձակումից հետո։ Սա Իսրայելի՝ քաղաքացիական հերոսության համար նախատեսված բարձրագույն պարգևն է։

 

  • Կիսվել: