Իսրայելի արտգործնախարարը Թուրքիային մեղադրել է ցեղասպանության դրդելու մեջ
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունները որակել է որպես ցեղասպանության դրդում․ Ֆիդանը հայտարարել էր, որ Իսրայելը իր քաղաքականության պատճառով միջազգային հանրության համար «խնդիր» է դարձել։
Հինգշաբթի Ֆիդանը CNN Turk-ի հարցազրույցում ասել էր, որ Իսրայելը և նրա ժողովուրդը «իրենց քաղաքականությամբ և մտածելակերպով դարձել են բեռ, որը մարդկությունն այլևս չի կարող կրել»։
«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի զզվելի խոսքերը ցեղասպանության դրդման դասական օրինակ են։ Հրեա ժողովրդի ապամարդկայնացումն ու նրան «անտանելի բեռի» հետ նույնացնելը պատմության մեջ եղած ամենասարսափելի ու արյունալի ռեժիմների դասական, սահմռկեցուցիչ լեզուն են։ Քաղաքակիրթ աշխարհը և ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցները պետք է անվերապահորեն դատապարտեն Իսրայելի ոչնչացման այս բացահայտ կոչը»,- X-ում գրել է Սաարը։
Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները սրվել են 2023 թվականի վերջին՝ Գազայի հատվածում հրեական պետության ռազմական գործողության պատճառով։ Երկրները հետ են կանչել դեսպաններին և դադարեցրել առևտրային հարաբերությունները։ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը հետևողականորեն քննադատում է Իսրայելի իշխանություններին տարածաշրջանում վարած քաղաքականության համար։



