երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Իսրայելական հարձակումներից Գազայում կան նոր զոհեր

Իսրայելական հարձակումներից Գազայում կան նոր զոհեր

Գազա քաղաքի արևմուտքում գտնվող ալ-Քաթիբա և Անսար թաղամասերում սեպտեմբերի 1-ին Իսրայելի կողմից անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել է չորս պաղեստինցի (երեք երեխա և մեկ կին), գրանցվել են նաև վիրավորներ։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։  

Զոհերը և ութը վիրավորները գրանցվել են ալ-Քաթիբայի շրջանում։

Գազայի կառավարության մամուլի գրասենյակի ղեկավարը հայտնել է, որ իսրայելական հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումը փորձել է անվտանգության գործողություն իրականացնել քաղաքի ներսում, սակայն գործողությունը ձախողվել է, ինչը ստիպել է իսրայելական բանակին միջամտել ավելի քան 10 ռազմական ինքնաթիռներով, որոնք ինտենսիվ ավիահարվածներ են հասցրել տարածքին։

Տեղեկությունների համաձայն՝ ռմբակոծությունները կենտրոնացել են տեղահանվածների վրանների և ափամերձ ապաստարանների վրա։

Նաև թիրախավորվել է ալ-Քաթիբայի շրջանում գտնվող ամերիկյան դաշտային հիվանդանոցը, որի հետևանքով խոչընդոտվել է բժշկական խմբերի և շտապօգնության մեքենաների տեղաշարժը, ինչպես նաև վիրավորներին տարհանելու գործընթացը։

Իսրայելի բանակն իր հերթին հայտարարել է, որ հարվածել է Գազայի հատվածում գտնվող թիրախների՝ անվտանգության ուժերին ուղղված «սպառնալիքները վերացնելու» նպատակով։«Իսրայելի պաշտպանության բանակի կողմից զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել», - նշվել է հայտարարության մեջ։

Ըստ Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալների՝ 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 73 462-ի, իսկ վիրավորներինը՝ 174 509-ի։

Բժշկական աղբյուրների համաձայն՝ Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է վեց զոհ և 13 վիրավոր։

 

  • Կիսվել: