Իսպանական Գրանադայում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ վնասվել են տներ և ավտոմեքենաներ
Իսպանական Գրանադայի շրջանում շաբաթ գիշերը տեղի է ունեցել 5,0 մագնիտուդով երկրաշարժ։ Արդյունքում վնասվել են բնակելի տներ և ավտոմեքենաներ, սակայն տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել, հայտնում է Independent-ը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են կիրակի գիշերը մոտ ժամը 1:00-ին՝ մայրաքաղաքային Ալհենդինի շրջանում։ Իսպանական TVE հեռուստաալիքը ցուցադրել է փողոցներում եղած բեկորներն ու վնասված ավտոմեքենաները։
Անդալուսիայի արտակարգ օգնության ծառայության աշխատակիցները վնասված շենքերից փրկել են մի քանի մարդու։ Տարածաշրջանային իշխանությունները հայտարարել են արտակարգ իրավիճակ։
Անդալուսիայի կառավարության փոխնախագահ Անտոնիո Սանս Կաբելյոն Գրանադայի բնակիչներին կոչ է արել պահպանել հանգստություն և զգուշություն։
«Եթե գտնվում եք Գրանադայում, զգացել եք երկրաշարժը, ձեզ հետ ամեն ինչ կարգին է, իսկ ձեր տունը չի վնասվել, պահպանեք հանգստություն և առանց անհրաժեշտության մի՛ մտեք շենքեր և մի՛ դուրս եկեք դրանցից», — գրել է նա X սոցցանցում։
Նա նաև փողոցում գտնվողներին կոչ է արել հեռու մնալ շենքերի ճակատային մասերից, քիվերից, պատշգամբներից, պատերից և այլ կառուցվածքներից, որոնք կարող են փլուզվել։



