Իշխանությունները գերիների վերադարձի ուղղությամբ ոչինչ չեն անում. Մամիջանյան
Ոչ միայն գերիների վերադարձի ուղղությամբ ոչինչ չեն անում, այլ Հայաստանի Ազգային ժողովը մերժեց ընդդիմության նախաձեռնությունը՝ մեր գերիների վերադարձի մասին հայտարարություն տարածել COP 29-ին ընդառաջ։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի պահանջով իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Այդ հայտարարարությունը որևէ բառ ներքաղաքական իրավիճակի մասին չէր պարունակում։ Հիշեցնեմ նաև, որ այլ երկրների խորհրդարաններ, անհատ պատգամավորներ, քաղաքական միավորներ, հասարակական կազմակերպություններ շատ ավելի կոշտ հայտարարություններ էին տարածել, իսկ ՀՀ իշխող մեծամասնությունը հրաժարվեց մեր տղաների վերադարձի վերաբերյալ հայտարարություն տարածել, որովհետեւ իրենց հայի կյանքը չի հետաքրքրում: Այստեղ բացարձակ էական չէ՝ որեւէ մեկը համակրում է, թե չի համակրում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին: Հայ մարդիկ գերի են պահվում Ադրբեջանում, դրա մասին չխոսելը, լուռ մնալը եւ բոլոր միջոցները չօգտագործելը իրենց հետ վերադարձնելու համար, իմ կարծիքով սրիկայություն է:
Այն, ինչ Ադրբեջանը փորձում է ստանալ քարոզչական տիրույթում, մեր բոլորի խայտառակությունն է: Անհրաժեշտ է գործ անել»,-ասաց Մամիջանյանը:
Նրա խոսքով, այս ամենը չի կարող անպատասխան մնալ. «Վաղ, թե ուշ, անկախ աշխարհաքաղաքական խաղերից, աշխարհը պետք է ընկալի քրիստոնեական, դեմոկրատական արժեքների կարեւորությունը: Արժեքները չեն ճկվում, դրանք էներգետիկ ռեսուրսների համար չեն զեղչվում, արժեքները մնայուն են: Մենք հավատում ենք դրան եւ հույս ունենք, որ հյուր երկրների խորհրդարանների ղեկավարները այս կամ այն ձեւով իրենց լծակները կօգտագործեն Ադրբեջանի վրա, որպեսզի այս խնդիրները լուծվեն, այդ թվում նաեւ անհատական սանկցիաների ձեւաչափով՝ Ալիեւի կլանի նկատմամբ: Ադրբեջանը հասկանում է միայն այդ լեզուն»,- ընդգծեց ՀՀԿ-ական գործիչը: