չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Իրաքի վարչապետն ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների պատճառով ԱԽ նիստ է հրավիրել

Իրաքի վարչապետն ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների պատճառով ԱԽ նիստ է հրավիրել

Իրաքի վարչապետ Ալի Ֆալեհ ազ-Զայիդին հուլիսի 29-ին Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել, տեղեկացնում է INA-ն։

Նշվում է, որ «նիստը հրավիրվել է անվտանգության իրավիճակի և այսօր առավոտյան երկրի վրա իրականացված ավիահարվածների ֆոնին»։

Իր հերթին Al Jazeera-ն հայտնել է, որ Իրաքի կառավարության աղբյուրը տեղեկացրել է, որ վարչապետի՝ Սաուդյան Արաբիա կատարելիք այցը հետաձգվել է։ Պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում էր մի քանի ոլորտում փոխըմբռնման հուշագրերի ստորագրում, ինչպես նաև երկու երկրների միջև անվտանգության համակարգման և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ քննարկումներ։

Իրաքյան իշխանությունները դատապարտել են երկրի ինքնիշխանության դեմ հարձակումը և անվտանգության ուժերի թիրախավորումը։

Ավելի վաղ Իրաքի «Ժողովրդական մոբիլիզացիայի ուժեր» խմբավորումը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից երկրի յոթ նահանգներում իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 զինյալ, վիրավորվել՝ 32-ը։

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը մինչ այդ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ուժերը հարվածել են Իրաքում Իրանի կողմից աջակցվող խմբավորումների թիրախներին՝ ի պատասխան ամերիկյան ուժերի և թագավորության էներգետիկ ենթակառուցվածքի դեմ հարձակումների։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թուրքի ալ-Մալիքին հայտարարել էր, որ թագավորության զինված ուժերը, ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության հետ համակարգմամբ, «կետային հարվածներ» են հասցրել Իրաքում գտնվող թիրախներին։ Սաուդյան կողմի պնդմամբ՝ հարձակման ենթարկված օբյեկտները կապված են Իրաքի տարածքում գործող այն կազմավորումների հետ, որոնք առնչություն ունեն թագավորության նավթային օբյեկտների վրա կատարված հարձակումների հետ։

Իրաքի տարածքին Սաուդյան Արաբիայի ԶՈւ-ի և ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով զոհված «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» շիական աշխարհազորայինների թիվը հասել է 20-ի։

Ըստ «Facebook»-ում մամուլի ծառայության էջում հրապարակված տեքստի՝ «Ալ-Հաշդ աշ-Շաաբիի» ևս առնվազն 32 կողմնակից է վիրավորվել։ Նշվում է, որ հարձակման են ենթարկվել աշխարհազորայինների մի քանի կենտրոնակայաններ, որոնք տեղակայված են Իրաքի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Բաղդադում։

«Shafaq News» պորտալն ավելի վաղ հայտնել էր 10 զոհի և 3 վիրավորի մասին։

  • Կիսվել: