Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցի փակման մասին՝ մինչև տարածաշրջանում ԱՄՆ միջամտության ավարտը, տեղեկացնում է Press TV-ն:
Նշվում է, որ ոչ մի նավի թույլատրված չէ անցնել այդ նեղուցով:
Հայտարարության մեջ նշվում է, որ մի քանի ժամ առաջ, չնայած այդ նախազգուշացումներին, օտարերկրյա ուժերի աջակցությամբ մի քանի նավ փորձել են անցնել չհաստատված երթուղով՝ անտեսելով ուղղությունը փոխելու պահանջները։
ԻՀՊԿ-ի տվյալներով՝ նավերից մեկը անջատել է նավիգացիոն համակարգերը՝ վտանգ ստեղծելով ծովային նավարկության անվտանգության համար, որից հետո այն կանգնեցվել է նախազգուշական կրակոցով։
Դրանից հետո ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցի փակման մասին՝ անորոշ ժամկետով։ Հայտարարության մեջ ասվում է, որ նեղուցով անցումը փակ կմնա մինչև տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական միջամտության դադարեցումը։ Մինչ այդ պահը, ըստ ԻՀՊԿ-ի հայտարարության, նեղուցով որևէ նավի տեղաշարժ չի թույլատրվում։
Բացի այդ, ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ը տեղի ունեցած միջադեպը օգտագործի որպես Իրանի դեմ նոր հարվածների առիթ, ապա կհետևի «կոշտ պատասխան»։
Հնարավոր հետագա էսկալացիայի հետևանքների պատասխանատվությունը ԻՀՊԿ-ն վերագրել է ԱՄՆ-ին, Իսրայելին, ինչպես նաև այն երկրներին, որոնք իրենց տարածքը տրամադրել են ամերիկյան ռազմական բազաների տեղակայման համար։



