երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Իրանը նոր հարվածներ է հասցրել Իսրայելին, Թրամփը կոչ է արել պահպանել հրադադարը

Իրանը նոր հարվածներ է հասցրել Իսրայելին, Թրամփը կոչ է արել պահպանել հրադադարը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց առաջ շուրջ երկու տասնյակ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ:  Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:

Նշվում է, որ հարվածներն իրականացվել են հինգ ալիքով, Իսրայելի ուղղությամբ արձակվել է 20 հրթիռ: 

Գործակալությունը նշում է, որ հրադադարն ուժի մեջ պետք է մտներ ժամը 11-ին: 

Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտնել է, որ գործողություններ է իրականացնում սպառնալիքները վերացնելու ուղղությամբ: Ըստ ԻՊԲ-ի՝ ոչնչացվել են հրթիռների արձակման կայանքներ, որոնք պատրաստվում էին հարվածներ հասցնել Իսրայելին: 

The Times of Israel-ն էլ նշում է, որ իրանական հարվածներից Բիրշեբա քաղաքում զոհերի թիվը հասել է առնվազն 4-ի: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմերին կոչ է արել չխախտել հրադադարը:

«Հրադադարն այժմ ուժի մեջ է մտել: Խնդրում եմ, մի՛ խախտեք այն», - գրել է նա Truth Social սոցիալական հարթակում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ երկու երկրները դիմել են իրեն խաղաղության հաստատման համար, և շուտով կլինի 12-ժամյա հրադադար, որից հետո պատերազմը կհամարվի ավարտված։ 

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր հերթին հայտնել էր, որ հրադադարի համաձայնություն ձեռք չի բերվել, սակայն Իրանը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողություններն Իսրայելի կողմից հարվածների դադարեցման դեպքում:

 

  • Կիսվել: