Իրանը նոր առաջարկ է անում ԱՄՆ-ին. աղբյուր
Իրանը Պակիստանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու նոր ծրագիր է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ ամերիկյան կողմը հրաժարվել է մեկնաբանել։
Մասնավորապես՝ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին AFP-ին ասել է. «Մենք չենք բացահայտում գաղտնի դիվանագիտական բանակցությունների մանրամասները»: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Իրանը «երբեք չպետք է» միջուկային զենք ձեռք բերի՝ հավելելով, որ «բանակցությունները շարունակվում են՝ ԱՄՆ-ի կարճաժամկետ և երկարաժամկետ ազգային անվտանգության շահերն ապահովելու համար»։
Իր հերթին The Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ խաղաղության նոր առաջարկով Իրանը մեղմացրել է բանակցությունները վերսկսելու՝ ԱՄՆ-ին ուղղված պահանջները. Թեհրանն առաջարկել է բացել Հորմուզի նեղուցն իրանական նավահանգիստների շրջափակումը վերացնելու հետ միաժամանակ։
Նոր առաջարկով Իրանը հայտնել է իր պատրաստակամությունը՝ նաև քննարկելու միջուկային հարցերը՝ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցնելու երաշխիքների և ամերիկյան պատժամիջոցները վերացնելու դիմաց:
Ինչպես նշվում է՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ իրանական նավահանգիստների շրջափակումը կշարունակվի մինչև նավարկության ազատության լիակատար վերականգնումը։


