Իսրայելի շարունակվող հարվածները Լիբանանին անհապաղ կհանգեցնեն լուրջ հետևանքների. Իրանը զգուշացնում է
Իսրայելի շարունակվող հարվածները Լիբանանին անհապաղ կհանգեցնեն լուրջ հետևանքների, և Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները՝ իր դաշնակիցներին պաշտպանելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Նա, մասնավորապես, նշել է. «ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը խստորեն դատապարտել է սիոնիստական ռեժիմի ագրեսիվ և ահաբեկչական գործողությունները Լիբանանի տարբեր շրջանների դեմ, որոնք հանգեցրել են տասնյակ լիբանանցիների զոհվելուն և վիրավորվելուն, ինչպես նաև քաղաքացիների տների և երկրի ենթակառուցվածքների ավերմանը»։
Բաղային նախազգուշացրել է Իսրայելի գործողությունների լուրջ հետևանքների մասին տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար՝ հավելելով, որ ԱՄՆ-ն լիակատար պատասխանատվություն է կրում Լիբանանում իսրայելական ագրեսիայի շարունակման համար՝ համաձայն հակամարտության կարգավորման վերաբերյալ ավելի վաղ կնքված ամերիկաիրանական հուշագրի:
«ԱԳՆ ներկայացուցիչը ստեղծված իրավիճակի համար ուղիղ պատասխանատվությունը վերագրել է ԱՄՆ-ին և, հղում կատարելով 2026 թվականի հունիսի 18-ի պատերազմի դադարեցման մասին հուշագրի 1-ին կետին, որն ուղղակիորեն նախատեսում է Լիբանանում պատերազմի դադարեցումը՝ որպես բոլոր ճակատներում պատերազմի ավարտի մասին համաձայնագրի անբաժանելի մաս, ընդգծել է, որ Իրանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու իր շահերը, անվտանգությունը, իրավունքները և դաշնակիցների իրավունքները»,-ասված է ԻԻՀ Արտգործնախարարության հայտարարության մեջ:


