Իրանը Հորմուզի նեղուցում հարվածել է Հարավային Կորեայի բեռնատար նավի․ Թրամփ
Իրանը Հորմուզի նեղուցում հարվածներ է հասցրել կապ չունեցող մի շարք պետությունների, այդ թվում՝ Հարավային Կորեայի բեռնատար նավի։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հավանաբար ժամանակն է, որ Հարավային Կորեան գա և միանա այս առաքելությանը։ Մենք խոցել ենք յոթ փոքր նավակ։ Սա է այն ամենը, ինչ նրանց մնացել է։ Բացի հարավկորեական նավից, այս պահին նեղուցով անցնողներն այլ վնասներ չեն կրել։ Պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը և Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը վաղն առավոտյան հանդես կգան մամուլի ասուլիսով»։
Հավելենք, որ ավելի վաղ Վաշինգտոնը հերքել է լուրերը, թե իրանական զինուժն ամերիկյան ռազմանավ է հրթիռակոծել Հորմուզում:
Ըստ Կենտրոնական հրամանատարության՝ ամերիկյան ուժերն ակտիվորեն աջակցում են նեղուցում նավագնացությունը վերականգնելու ջանքերին։ Դրանց շնորհիվ, ըստ հրամանատարության, ԱՄՆ դրոշի ներքո նավարկող առևտրային երկու նավ արդեն հաջողությամբ անցել է նեղուցով:
Հիշեցնենք, որ Թրամփն ավելի վաղ հայտնել է, որ այսօրվանից ամերիկյան ուժերը սկսել են ուղեկցել «չեզոք» երկրներին պատկանող նավերին, որպեսզի դրանք կարողանան դուրս գալ Հորմուզի նեղուցից։ Նա նաև զգուշացրել է, որ գործողություններ կձեռնարկվեն, եթե Իրանը փորձի միջամտել ամերիկյան առաքելությանը․ «Եթե որևէ կերպ միջամտություն լինի այս մարդասիրական գործընթացին, դժբախտաբար, ստիպված կլինենք ուժով արձագանքել»։


