Իրանը հարվածել է Քուվեյթում, Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին
Իրանը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Քուվեյթում, Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին, հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հարձակվել են Քուվեյթի «Ալ Ահմադի» նավահանգստում վառելիքի մատակարարման համար նախատեսված ամերիկյան նավամատույցի վրա: Դրանից բացի՝ հարված է հասցվել նաև Բահրեյնի «Շեյխ Իսա» ավիաբազայում գտնվող ամերիկյան ռազմական ինքնաթիռներին։
Հարվածի են ենթարկվել նաև Բահրեյնում գտնվող «Batelco» հետախուզական տվյալների մշակման կենտրոնը և Քուվեյթում կապի ու նախազգուշացման ամերիկյան օբյեկտը: ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ շարունակում է լիակատար վերահսկողություն պահպանել Հորմուզի նեղուցի նկատմամբ:
Իրանական ԶԼՄ-ները, հղում անելով ոչ տեղական աղբյուրներին, հաղորդում են նաև Հորդանանի «Մուվաֆակ աս Սալթի» ավիաբազայում գրանցված պայթյունների մասին:
Իր հերթին ԻՀՊԿ-ն իր պաշտոնական հայտարարության մեջ հայտնել է Հորդանանում ամերիկյան «Էլ Ազրակ» ռազմակայանում կործանիչների համար նախատեսված անգարներին և խոշոր կայանատեղիին հզոր համակցված հրթիռային-անօդաչու հարված հասցնելու մասին:
Քուվեյթը հայտարարել է, որ հարձակման են ենթարկվել երկու էլեկտրակայաններ և ջրի մաքրման կայաններ, հարձակումների և առաջացած հրդեհի հետևանքով տուժել են մի քանի հրշեջներ:
Հորդանանի բանակն էլ հայտարարել է, որ երկրի օդային տարածք մտած չորս ԱԹՍ է խոցել։



