հինգշաբթի, օգոստոս 6
6 / 8 / 2026
Իրանն ու Օմանը համաձայնել են վերսկսել Հորմուզի նեղուցով իրականացվող նավարկությունը․ աղբյուր

Իրանն ու Օմանը համաձայնել են վերսկսել Հորմուզի նեղուցով իրականացվող նավարկությունը․ աղբյուր

Իրանն ու Օմանը շրջանակային համաձայնագիր են կնքել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման վերաբերյալ, սակայն փաստաթուղթը դեռ պետք է արժանանա Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի հավանությանը: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն՝ հղում անելով անանուն բարձրաստիճան աղբյուրին։

Նշվում է, որ աղբյուրը հայտնել է, որ պաշտոնական հայտարարությունը հավանաբար կլինի արդեն առաջիկա օրերին։

Համաձայնագիրը նախատեսված է 60 օրվա համար։ Դրա նպատակն է վերականգնել ծովային հաղորդակցությունը և պայմաններ ստեղծել տեխնիկական բանակցություններ սկսելու համար։

Ըստ պայմանավորվածությունների նախագծի՝ Հորմուզի նեղուց մտնող նավերը կշարժվեն Իրանի ափերին ավելի մոտ գտնվող միջանցքով, իսկ դուրս եկողները՝ Օմանին ավելի մոտ երթուղով։ Ըստ կանխատեսումների, ակվատորիայի ականազերծմանը կարող են մասնակցել տարածաշրջանի երկրները։

Աղբյուրը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդների միջոցով շարունակվում են անուղղակի բանակցությունները, որոնք մտել են եզրափակիչ փուլ։

Իր հերթին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, ինչպես հաղորդվում է, վերջերս երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Պակիuտանի բանակի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրի հետ և առաջիկա օրերին կարող է այցելել Իսլամաբադ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պակիuտանյան կողմը մտադիր է Վաշինգտոնի և Թեհրանի միջև ընթացող բանակցությունների ընթացքի մասին տեղեկացնել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանին։ Պակիuտանի վարչապետ Շահբազ Շարիֆի և Ասիմ Մունիրի Սաուդյան Արաբիա կատարվելիք այցը նախատեսված է օգոստոսի 6-8-ը։

  • Կիսվել: