Իրանն ու ԱՄՆ-ը ստացել են ռшզմական գործողությունների դադարեցման և անհապաղ hրադադարի ծրագիր. Reuters
Իրանն ու Միացյալ Նահանգները ստացել են ռազմական գործողությունների դադարեցման ծրագիր, որը կարող է ուժի մեջ մտնել երկուշաբթի օրը և վերաբացել Հորմուզի նեղուցը: Այս մսաին երկուշաբթի հայտնել է Reuters-ը:
Ռազմական գործողությունների դադարեցման շրջանակային համաձայնագիրը մշակվել է Պակիստանի կողմից և գիշերվա ընթացքում փոխանցվել Իրանին ու ԱՄՆ-ին: Աղբյուրի փոխանցմամբ՝ ծրագիրն ունի երկփուլ մոտեցում. անհապաղ հրադադար, որին կհաջորդի համապարփակ համաձայնագիրը:
«Բոլոր տարրերը պետք է համաձայնեցվեն այսօր»,- նշել է աղբյուրը՝ հավելելով, որ նախնական փոխըմբռնումը կձևակերպվի որպես փոխըմբռնման հուշագիր, որը կվերջնականացվի էլեկտրոնային եղանակով Պակիստանի միջոցով, որը բանակցություններում հաղորդակցության միակ ուղին է:
Աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Պակիստանի բանակի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը ողջ գիշեր կապի մեջ է եղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբաս Արաքչիի հետ:
Ըստ առաջարկի՝ հրադադարն ուժի մեջ կմտնի անմիջապես՝ վերաբացելով Հորմուզի նեղուցը, իսկ ավելի լայն կարգավորումը վերջնականացնելու համար կտրվի 15–20 օր ժամանակ: Գործարքը, որը նախնական անվանվել է «Իսլամաբադի համաձայնագիր», կներառի տարածաշրջանային շրջանակ նեղուցի համար, իսկ եզրափակիչ առերես բանակցությունները տեղի կունենան Իսլամաբադում:
ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնական ներկայացուցիչների կողմից անմիջական արձագանք չի եղել: Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թահիր Անդրաբին հրաժարվել է մեկնաբանություններից:
Իրանցի պաշտոնյաները նախկինում Reuters-ին հայտնել էին, որ Թեհրանը ձգտում է մշտական հրադադարի՝ երաշխիքներով, որ իրենք այլևս չեն ենթարկվի հարձակման ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից: Նրանք նշել են, որ Իրանը հաղորդագրություններ է ստացել միջնորդներից, այդ թվում՝ Պակիստանից, Թուրքիայից և Եգիպտոսից:
Ակնկալվում է, որ վերջնական համաձայնագիրը կներառի Իրանի պարտավորությունները՝ չձգտել միջուկային զենքի ստեղծմանը՝ պատժամիջոցների մեղմացման և սառեցված ակտիվների ազատման դիմաց, հայտնել է աղբյուրը:
Պակիստանյան երկու աղբյուր նշել են, որ Իրանը դեռևս պարտավորություն չի ստանձնել՝ չնայած ակտիվացած քաղաքացիական և ռազմական ջանքերին:
«Իրանը դեռ չի պատասխանել»,- ասել է աղբյուրներից մեկը՝ հավելելով, որ Պակիստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների կողմից աջակցվող ժամանակավոր հրադադարի առաջարկները մինչ այժմ որևէ հստակ պարտավորվածություն չեն առաջացրել:
Չինացի պաշտոնյաները ևս անմիջապես չեն արձագանքել մեկնաբանությունների հարցումներին:
Հիշեցնենք, որ Axios-ն առաջինն էր հայտնել, որ Միացյալ Նահանգները, Իրանը և տարածաշրջանային միջնորդները քննարկում են 45-օրյա հնարավոր հրադադար՝ որպես երկփուլ գործարքի մաս, որը կարող է հանգեցնել պատերազմի մշտական ավարտի՝ վկայակոչելով ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանային աղբյուրները:


