Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ի թիրախների դեմ ավելի լայնածավալ հարվածների մասին՝ ագրեսիայի կրկնության դեպքում
ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո իրանական զինվորականները հարձակվել են տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական բազաների վրա, իսկ ագրեսիայի կրկնության դեպքում պատասխանը կլինի էլ ավելի լայնածավալ, վստահեցրել են Իրանի զինված ուժերի «Հազրաթ Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբում։
«Ամերիկյան բանակը պետք է իմանա, որ եթե այն կրկնի որևէ ագրեսիա Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, ապա տարածաշրջանում որոշակի թիրախների ուղղությամբ կհասցվեն էլ ավելի լուրջ և լայնածավալ հարվածներ»,- ասվում է շտաբի հայտարարության մեջ, որը մեջբերում է Press TV հեռուստաալիքը։
Հրամանատարությունում ընդգծել են, որ «տարածաշրջանում մի քանի ամերիկյան բազաներ ենթարկվել են Իրանի Իսլամական Հանրապետության հերոսական բանակի և ԻՀՊԿ-ի խիզախ մարտիկների հզոր հարձակմանը»՝ ի պատասխան չորեքշաբթի գիշերը Իրանի հարավին ամերիկացի զինվորականների հասցրած հարվածների՝ «նրանց ուղղաթիռի կործանման կեղծ պատրվակով»։
Ավելի վաղ ԱՄՆ ԶՈՒ-ի Մերձավոր Արևելքի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ ամերիկյան զինված ուժերն ավարտել են «ինքնապաշտպանության նպատակով իրականացված» հարվածները՝ կործանիչների կիրառմամբ՝ Իրանի ՀՕՊ օբյեկտների, ցամաքային կառավարման կետերի և Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող ռադիոլոկացիոն կայանների ուղղությամբ։ Դրան նախորդել էր խոցված ամերիկյան Apache ուղղաթիռի հետ կապված միջադեպը։
Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ չորեքշաբթի գիշերը իրականացվել է հարվածների երեք ալիք։
Ի պատասխան՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրթիռներ և անօդաչու սարքեր էր արձակել տարածաշրջանում ԱՄՆ-ի հետ կապված թիրախների ուղղությամբ։


