կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իրանի միջուկային ծրագրով նախատեսված ծանր ջրի պահուստները գերազանցել են 130 տոննա սահմանափակում․ ԱԷՄԳ

Իրանի միջուկային ծրագրով նախատեսված ծանր ջրի պահուստները գերազանցել են 130 տոննա սահմանափակում․ ԱԷՄԳ

Իրանի ծանր ջրի պահուստները գերազանցել են 130 տոննա սահմանափակումը, որը նախատեսված է Թեհրանի միջուկային ծրագրի հարցով Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանով, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ), տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«2019թ․ նոյեմբերի 16-ին Իրանը գործակալությանը տեղեկացրել է, որ ծանր ջրի իր պահուստը գերազանցել է 130 տոննան։ 2019թ․ նոյեմբերի 17-ին գործակալությունը համոզվել է, որ ծանր ջրի արտադրության գործարանն աշխատում է, և Իրանի ծանր ջրի պահուստը կազմում է 131,5 տոննա»,-ԱԷՄԳ-ի զեկույցից քաղվածք է ներկայացրել Reuters-ը։

Ամռանը՝ հունիսին, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին հայտարարել էր, որ երկուսուկես ամսվա ընթացքում ծանր ջրի կուտակված ծավալները կարող են գերազանցել 130 տոննան։

Իրանի միջուկային գործարքի ապագան հարցականի տակ է դրվել 2018թ․ մայիսի 8-ին՝    դրանից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց եւ Թեհրանի հանդեպ Վաշինգտոնի կողմից նավթի արտահանման պատժամիջոցների սահմանումից հետո։

Ըստ իրանական կողմի ՝ մնացած մասնակիցները, առաջին հերթին՝ եվրոպացիները, լիարժեք չեն կատարում համաձայնագրի տնտեսական մասով սահմանված իրենց պարտավորությունները, այդ պատճառով գործարքն իմաստ չունի իր այժմյան տեսքով։

Նշենք, որ նոյեմբերի 9-ին Իրանը սկսել էր գազ մղել «Ֆորդո» օբյեկտում ցենտրիֆուգների մեջ, ինչը փաստացի նշանակում էր միջուկային գործարքի շրջանակներում իր կողմից ստանձնած պարտավորությունների կրճատման չորրորդ փուլի սկիզբը։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության նախագահ Ալի Նասիմֆարը հայտարարել էր, որ Թեհրանը մտադիր է շարունակել յուրաքանչյուր 60 օրը մեկ կրճատել միջուկային համաձայնագրով իր պարտավորությունների կրճատումը, քանի դեռ պայմանագրի մյուս մասնակիցները դրա պահպանման համար չեն նախաձեռնել գործնական քայլեր:

 

  • Կիսվել: