Իրանի փոխարտգործնախարար. Ուրանի հարստացումը կարմիր գիծ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Իրավական հարցերով Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, որը իրանական բանակցային թիմի անդամ է, հայտարարել է, որ ուրանի հարստացումը Իրանի համար կարմիր գիծ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում, գրում է Mehr-ը։
Ղարիբաբադին այդ մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստում, հայտնել է հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ռեզային։
«Արտաքին գործերի փոխնախարարն ասաց, որ պատժամիջոցների վերացումը պետք է արվի այնպես, որ տնտեսական օգուտ բերի Իրանի ժողովրդին և միայն խորհրդանշական ժեստ չլինի»,- Ղարիբաբադիի խոսքն է մեջբերում օրենսդիրը։
«Իրանը նաև ընդգծում է ուրանի հարստացման իր իրավունքը, և այդ հարցը համարվում է Իրանի Իսլամական Հանրապետության բանակցությունների կարմիր գծերից մեկը»,- ասել է Ղարիբաբադին։
Օմանի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների առաջին փուլը կայացել է Օմանի մայրաքաղաք Մասկատում։ Երեկ Իտալիայի Հռոմում կայացած բանակցությունները այս անուղղակի բանակցությունների երկրորդ փուլն էին։