Իրանի միջուկային էներգետիկ ենթակառուցվածքը ռմբակոծելու սպառնալիքներն անթույլատրելի են. ՌԴ-ի և ԻԻՀ-ի ներկայացուցիչներ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն այսօր հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ-Ռավանչիի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի առարկայական քննարկումը շարունակվել է՝ շեշտը դնելով արևմտյան երկրների կողմից լարվածությունը կայունացնելու և նվազեցնելու հնարավոր համատեղ քայլերի վրա, որոնք ջանասիրաբար լռության են մատնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի սեփական բազմաթիվ կոպիտ խախտումները և փորձում շահարկել ՄԱԳԱՏԷ-ի լիազորությունները և ստուգման հնարավորությունները հանուն կոնյունկտուրային քաղաքական նպատակների»:
Նշվում է նաև, որ ընդգծվել է կարգավորման համատեքստում Իրանի հակառակորդների կողմից ռազմական ուժի կիրառման անօրինականությունն ու անթույլատրելիությունը և Իրանի միջուկային էներգետիկ ենթակառուցվածքը ռմբակոծելու դրսից սպառնալիքների անընդունելիությունը, որն անխուսափելիորեն կհանգեցնի լայնածավալ և անդառնալի ռադիոլոգիական և հումանիտար հետևանքների ամբողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար։
Հաղորդվում է նաև, որ մարտի 14-ին Պեկինում անցկացված ռուս-չինական-իրանական բարձր մակարդակի խորհրդակցությունների ընթացքում հաստատվել են կենսունակ, կայուն բանակցային լուծումներ, որոնք կվերացնեն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Արևմուտքի նախապաշարմունքներն ու թյուրըմբռնումները՝ հաշվի առնելով միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման Թեհրանի օրինական իրավունքը, որը բխում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին Իրանի մասնակցությունից:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ համակարգումը»,-ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: