երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
Իրանի կողմից հարձակման ենթարկված նավերը զենք են տեղափոխել ԱՄՆ-ի համար․ Բաղայի

Իրանի կողմից հարձակման ենթարկված նավերը զենք են տեղափոխել ԱՄՆ-ի համար․ Բաղայի

Հորմուզի նեղուցում իրանական հարվածների տակ ընկած նավերը նավթի կամ գազի փոխարեն ԱՄՆ-ի համար զենք ու զինամթերք են փոխադրում։ Այս մասին IRIB-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Նկատվել է, որ ամերիկյան ռազմական նավերը շարժվել են նավթ կամ հեղուկացված բնական գազ (ՀԲԳ) տեղափոխող խոշոր նավերի կողքով»,- ասել է նա։

Ըստ Բաղայիի՝ իրանական կողմի վերահսկողության տիրույթից դուրս մնալու նպատակով ամերիկացի զինվորականներն անջատել են հետևման համակարգերն ու առևտրային նավերով տեղափոխել ռազմական ուժեր, տեխնիկա և սպառազինություն։

Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի նման գործողությունները հակասում են Իսլամաբադի հուշագրի 5-րդ կետին․

«ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ռազմական նավն անցել է հարավային և չարտոնված երթուղով՝ պատսպարվելով ՀԲԳ տեղափոխող խոշոր նավի հետևում։ Սա ոչ միայն վտանգավոր անցում էր, այլև ԱՄՆ-ի՝ պատերազմի դադարեցման մասին համաձայնագիրը չարաշահելու և Իրանի դեմ թշնամական գործողությունների համար պայմաններ ստեղծելու մտադրության հստակ ցուցանիշ»։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ այս կապակցությամբ Թեհրանի բողոքարկումից հետո ԱՄՆ-ն ուժեղացրել է իր հարձակումները։

«Այսինքն՝ փաստացի նրանք լիովին դրժել են համաձայնագրով ստանձնած իրենց բոլոր պարտավորությունները»,- հայտարարել է Բաղային։

  • Կիսվել: