Իրանի խորհրդարանը կողմ է Հորմուզի նեղուցի փակմանը, ինչը կարող է հանգեցնել նավթի գների կտրուկ աճի. Axios
Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Հորմուզի նեղուցի՝ երկրի ափերի մոտ նավթի տարանցման կենսական նշանակության կետի փակմանը: Սակայն վերլուծաբանները թերահավատորեն են վերաբերվում նեղուցը փակելու իրավասություն չունեցող մարմնի սպառնալիքին: Դա անելու լիազորությունը պատկանում է երկրի անվտանգության պաշտոնյաներին, այլ ոչ թե խորհրդարանին, գրում է Axios-ը։
Նեղուցի փակումը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի նավթի գների կտրուկ աճին, որը կուղղվի նաև ԱՄՆ սպառողներին: Իրանի և Օմանի միջև ջրային այդ տարածքով իրականացվում է նավթի համաշխարհային ծովային առևտրի մեկ քառորդը և նավթի բոլոր փոխադրումների մոտ մեկ հինգերորդը:
Սպառնալիքը երեկ ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված հարվածների առաջին արձագանքներից մեկն է։
Ըստ պարբերականի՝ նեղուցը փակելու փորձը կլինի առաջին դեպքը, երբ Իսրայել-Իրան հակամարտությունը էականորեն կազդի համաշխարհային նավթի հոսքի վրա։
«Իրանի ջանքերը՝ փակելու նեղուցը և հարձակվելու Պարսից ծոցի էներգետիկ ենթակառուցվածքների վրա, «քիչ հավանական են»,- նշել են Eurasia Group-ի վերլուծաբանները։
«ԱՄՆ-ն կուտակել է հսկայական ռազմական ներկայություն Ծոցում ու շրջակա տարածաշրջանում, և նեղուցում Իրանի քայլը անկասկած կհանգեցնի զգալի ռազմական պատասխանի»,- գրել են փորձագետները, բայց և չեն բացառել, որ «առաջիկա օրերին Իրանը կարող է ուժեղացնել լցանավերի հետապնդումը»։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ հայտարարել է, որ ջրանցքի փակումը տնտեսական «ինքնասպանություն» կլինի Իրանի համար։